2018/19 մրցաշրջանում առաջին անգամ հանդես գալով Բարձարգույն խմբում, Վանաձորի «Լոռին» ոչ միայն աչքի ընկավ կրակոտ և վառ խաղով, այլ նաև անկրկնելի երկրպագուներով:
Լոռեցի երկրպագուները ողջ մրցաշրջանի ընթացքում կանաչով ներկեցին ոչ միայն սեփական մարզադաշտի, այլ նաև Երևանի և Գյումրիի ստադիոնների տրիբունաները: Ժամանակի ընթացքում նրանց շարժումը ստացավ Green Power անվանումը: Ֆան-ակումբի գլխավոր դերակատարներից մեկն է Աղասի Ղարագյոզյանը, ով վերաբացվելուց հետո «Լոռի»-ի առաջին պաշտոնական խաղից ի վեր թիմի կողքին է.

– Շարժումը սկսվել է լրիվ ինքնաբուխ: Ես միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ, սակայն չի ստացվել: Երբ իմացա, որ մեր քաղաքում ստեղծվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որոշեցի որ պետք է օգտակար լինեմ որպես 12-րդ խաղացող: Առաջին խաղի ժամանակ պատահական ծանոթացա Էրիկի և Ռոբերտի հետ և հասկացանք, որ նույն ճանապարհի վրա ենք և սկսեցինք ինքնակազմակերպվել:

– Ի՞նչ նշանակութուն ունի այն, որ Վանաձորում վերաբացվեց «Լոռի» ֆուտբոլային ակումբը:
– Անձամբ ես դա շատ եմ կարևորում, քանի որ ինքս մարզվել եմ ֆուտբոլով և այն ժամանակ չկար պրոֆեսիոնալ թիմ տեղափոխվելու հնարավորություն: Հիմա երեխաները կարող են անցնել տարբեր տարիքային խմբերով և հայտնվել պրոֆեսիոնալ թիմում: Սա ֆուտբոլիստ դառնալու մեծ հնարվորություն է մարզի երեխաների համար:

Իսկ ոչ սպորտային առումով, «Լոռին» շատ կակտիվացնի քաղաքի կյանքը: Հուսանք, որ ժամանակի ընթացքում սա նաև տնտեսական նշանակություն կունենա: Եվրոպայում շատ քաղաքներ կան, որոնք ճանաչված են իրենց ֆուտբոլային թիմի շնորհիվ: Հուսով եմ՝ այդպես կլինի նաև մեր պարագայում:

– Ովքեր ե՞ն ընդգրկված Ձեր ֆան-ակումբում:
– Որպես ֆան-ակումբի առաջամարտիկներից մեկը, ես միշտ ցանկացել եմ, որ ֆուտբոլ գան ընտանիքներով: Մեզ մոտ ամենատարբեր մարդիկ կան՝ երիտասարդներ, ավելի մեծ տարրիքի մարդիկ, ընտանիքներ… Ֆան-ակումբում շատ են նաև նվիրյալ աղջիկները, ովքեր անկախ եղանակից ու այլ հանգամանքներից, միշտ թիմի կողքին են: Մեր ֆան-սեկտրում բացառված են հայհոյանքները, փորձում ենք, որ բացառվի նաև ամբողջ տրիբունայում: Իմ մայրը նույնպես ֆուտբոլասեր է: Լինում է, որ գալիս է խաղերի և որևէ խնդիր չի եղել:

– Ինչպե՞ս են ստեղծվում ձեր վանկարկումներն ու երգերը:
– Վանկարկումները պետք է սրտից հնչեն, որպեսզի ոգևորեն մարդկանց: Ամենահայտնի «Մի Հայաստան, մի Լոռի» և «Իմ սիրտը կանաչ ա» վանկարկումները ստեղծվել են էմոցիաների ներքո, եկել են մտքիս և ասել եմ: Էրիկը կամ ֆան-ակումբի մյուս ակտիվ անդամները նույնպես իրենց մտքերն են առաջ քաշել: Ունենք նաև երգեր: Օրինակ, երգում ենք Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգը, որը սկսեցինք երգել «Լոռի»-ի հաղթանակներից մեկի ժամանակ: Յուրաքանչյուր երգն ու վանկարկումն իր փոքրիկ պատմությունն ունի, բայց չենք նստում և արհեստականորեն մտածում դրա շուրջ:

– Առջևում գավաթի եզրափակիչն է: Հավանաբար այն մարտահրավեր է նաև Green Power-ի համար:
– Միայն հաղթանակ ենք ակնկալում: Անձամբ ինձ «Լոռի»-ի գավաթակիր դառնալուց շատ միայն հայր դառնալը կարող է երջանկացնել: Հայր դառնալու շանս այս պահին չունեմ և միակ շանսը «Լոռի»-ի գավաթակիր դառնալն է (ժպտում է):
Շատ լուրջ ենք պատրաստվում եզրափակչին: Մարդիկ այդ ամենը կտեսնեն տրիբունայում: Այնպիսի բան ենք պատրաստում, որը երբեք ակումբային մակարդակով չի եղել հայկական ֆուտբոլում: Ես, Էրիկը, Ռոբերտը և ֆան-ակումբի մյուս ակտիվ անդամներս նպատակ ունենք ստեղծել այնպիսի ավանդույթ, որն օրինակելի կլինի մյուսների համար: