Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի՝ «Արցախ»-ի դեմ հանդիպումից հետո «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

– Առաջինից իննսուներորդ րոպեն, կարծես, խաղը մեր ձեռքում էր։ Երևի թե 4 խաղի հնարավորություններ ստեղծեցինք այսօր։ Նույնիսկ 1։0-ի ժամանակ լավ հնարավորություն ունեինք․ Ջոնել Դեսիրեն մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, և եթե իրացներ այդ պահը հաշիվը կդառնար 2։0 և խաղը կավարտվեր։

Առաջին անգամ չէ այս առաջնությունում, որ չենք օգտագործում մեր հնարավորությունները, և կարծես, սովորական է դարձել 90-րդ րոպեից հետո գնդակ բաց թողնելը։ Շատ ցավալի պարտություն էր։

– Հաշիվը հավասարվելուց հետո, կարծես, «Արցախ»-ի մոտ ավելի շատ վստահություն կար, քան «Լոռի»-ի մոտ՝ հաղթելու ցանկություն։

– Այո՛, ինձ մոտ էլ կա այդ կարծիքը։ Չնայած՝ գնացինք առաջ, բայց ես էլ այդ հաղթելու ցանկությունը չտեսա։ Ինչ-որ տեղ տրամաբանական էր այդ սխալը, որից հետո երկրորդ գնդակն ընդունեցինք։ Եթե հաշվեք, երևի 15 գոլային պահ ենք ունեցել այս խաղում։ Եթե այդքան հնարավորություն չես օգտագործում, իսկ մրցակցի 2-րդ հարվածից հետո գնդակը հայտնվում է դարպասում, շատ դժվար է վերականգնվելը։ Համաձայն եմ Ձեզ հետ, որ 1։1-ից հետո «Արցախ»-ի մոտ հավատն ավելի մեծ էր։

– Ստացվում է, որ բավական հետ եք մնացել «Ալաշկերտ»-ից։ Դա նշանակու՞մ է, որ ամբողջ ուժերը կկենտրոնացնեք գավաթի եզրափակչի վրա, և ոչ թե մյուս խաղի։

– Արդեն 7 միավորով հետ ենք «Ալաշկերտ»-ից, և նրանց առավելությունը շատ մեծ է։ Շատ դաժան գրաֆիկ է, և 3 օր հետո նորից խաղալու ենք։ Դա 4-րդ խաղն է 10 օրվա մեջ։ Երևի թե այս պահին մենք պետք է մտածենք գավաթի եզրափակչի, և ոչ թե՝ «Բանանց»-ի դեմ խաղի մասին։

– Այս պարտությունը հոգեբանորեն կխանգարի՞ եզրափակչին։

– Ես կարծում եմ, որ ինչ-որ չափով կխանգարի, որովհետև, կրկնեմ, երբ այդքան շատ հնարավորություններ ես ստեղծում և գոլ չես խփում, ինչ-որ տեղ հավատը կորչում է, որ կարող ես գոլ խփել։ Կփորձենք տղաներին պատրաստել, մեզ մնում է ամենակարևոր խաղը, այնպես որ, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի կազմ ու պատրաստ լինենք «Ալաշկերտ»-ի դեմ խաղին։