Այսօր «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Արթուր Պետրոսյանն ակումբի մամուլի ծառայության միջոցով իր խոսքն է ուղղել վանաձորյան ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակազմին և երկրպագուներին.

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը և անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար:

Որպես մարզիչ անձամբ իմ առջև «Լոռի»-ի հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել, որ ցավոք չի հաջողվում իրագործել: Ի սրտե ցանկանում եմ հաջողություն մաղթել այն մարզչին, որը ինձնից հետո կզբաղեցնի «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Լոռի»–ն կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին սրտացավ և հոգատար աշխատանքի համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի երկրպագուներին, որոնք մշտապես թիմի կողքին էին և աջակցում էին, թե՛ լավ, թե՛ վատ պահերին: Հուսով եմ, որ ակումբը շատ շուտով կարդարացնի Ձեր բոլոր ակնկալիքները:

Մաղթում եմ, որ մոտ ապագայում «Լոռի»-ն հասնի մեծ հաջողությունների և ուրախացնի ակումբի բոլոր երկրպագուներին»: