«Փյունիկի» դեմ խաղից հետո «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ասուլիսի ժամանակ ասաց հետեւյալը.

«Շատ ծանր խաղ էր երկու թիմերի համար: Ինչ սպասում էինք «Փյունիկից», ինչ նախապատրաստել էինք, մեծամասնությունը կարողացանք կատարել: Մինչև 11-մետրանոցը խաղը լիովին վերահսկում էինք, սակայն 2:1 հաշվից հետո «Փյունիկը» լավ պահեր ուներ, ինչ-որ տեղ մեր բախտը բերեց: Սակայն կասեմ, որ այս 3 միավորը չենք գողացել, վաստակել ենք արդար քրտինքով:

Դեսիրեին հնարավորություն էինք տվել տեղափոխվել ամբողջ հարձակման գծով, նա նախընտրեց ավելի շատ օգտագործել աջ եզրը: Շատ գոհ եմ Դեսիրեի խաղից, իմ գլխավորությամբ սա նրա լավագույն խաղն էր:

Ֆիզիկապես շատ ուժեղ էր «Փյունիկը», մեզ վրա անդադար ճնշում կար բարձրից փոխանցումներով: Ֆիզիկական վիճակը մեր ֆուտբոլիստների գնահատում եմ լավ: Փոխարինումները պետք է ասեմ, որ չաշխատեցին, դրա համար վերջին 10 րոպեները դժվար էին մեզ համար:

Երեք օր հետո խաղալու ենք «Գանձասար-Կապանի» հետ, շատ ծանր խաղ է սպասվում: Պետք է փորձենք ֆուտբոլիստներին պատրաստել: Այն նստարանը, որի կարիքը կար բարձր տեղերի համար պայքարելու համար, ամեն դեպքում, այս պահին չի հերիքում: Բայց պետք է փորձենք անել առավելագույնը:

Կան ֆուտբոլիստներ, որոնց պետք է ավելի շատ ազատություն տաս: Որոշեցինք, որ հարձակման գծում այսօր Ալիյուին պետք է ազատություն տանք, ու, իմ կարծիքով, լավ ստացվեց:

Ես էլ եմ շնորհավորում «Փյունիկին» ակումբի ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ նրանց բազմաթիվ 27 տարիներ: Ֆուտբոլային դաշտում, սակայն, նրանց շնորհավորել չէինք կարող: Եկել էինք անպայման հաղթելու համար»: