Մրցանակներ

«Լոռի» ՖԱ-ն մեծ ֆուտբոլ վերադարձի առաջին տարում հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի 2017-18 թթ. մրցաշրջանի չեմպիոն:

Օգոստոսի 14-ին «Լոռին» սեփական հարկի տակ հանդիպեց «Փյունիկ-2»-ին՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում նշելով նորամուտը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ վանաձորյան թիմի: Գոլերը խփեցին Վիգեն Ավետիսյանը եւ Դավիթ Ասլանյանը:

Դեկտեմբերի 4-ին աշնանային շրջանի վերջին խաղը նույնպես «Լոռին» անցկացրեց սեփական դաշտում: «Արարատ-2»-ի դեմ խաղում Վիգեն Ավետիսյանի խփած միակ գոլն օգնեց թիմին ավարտել մրցաշրջանի առաջին հատվածն առաջին տեղում, քանի որ մոտակա մրցակից «Արցախը» զուգահեռ ընթացող խաղում պարտություն էր կրել:

2018 թվականի մայիսին «Լոռին» Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն հռչակվեց մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ, կրկին սեփական դաշտում՝ 1:0 հաշվով հաղթելով «Ալաշկերտ-2»-ին: Միակ գոլը խփեց Ուգոչուկվու Իվուն:

Մրցաշրջանի վերջին խաղը նույնպես կայացավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ Արմեն Ադամյանի թիմը հաղթեց 5:1 հաշվով: Գոլերը խփեցին Դավիթ Ասլանյանը, Իսահ Ալիյուն, Դավիթ Փարեմուզյանը, Արեգ Ազատյանը եւ Արամ Ադամյանը:

Հանդիպումից հետո մեդալները եւ գավաթը թիմին հանձնեց ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: