Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ն 5 տարվա պայմանագիր է ստորագրել գանացի պաշտպան Նանա Կվամեի հետ, եւ Ֆրանսիայի փոխչեմպիոն «Լիլի» հետ համաձայնագիր է ստորագրել  ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

Ըստ համաձայնագրի՝ Նանա Կվամեն մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա ֆրանսիական ակումբի կազմում։

«Լիլը» 2020 թվականի ամռանն ունի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջնային իրավունք։ Անտվիի հրաժարագինը «Լիլ» ակումբի համար սահմանված է 1,2 միլիոն եվրո։

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստը Հայաստանից միանգամից կտեղափոխվի Եվրոպական թոփ-5 առաջնություն ներկայացնող ակումբ եւ կխաղա այնտեղ։

Նանա Կվամեն «Լոռիում» էր 2018 թվականի օգոստոսից։ Հայաստանի Բարձրագույն խմբում եւ Գավաթի խաղարկությունում մասնակցել է 33 խաղի, դարձել 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Նանա Կվամեին կատարած մեծ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության համար ու մաղթում շատ հաղթանակներ, նոր նվաճումներ։