«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը այսօր կայացած հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին։

Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռին» գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է գոլը տոնելու, ինչի ընթացքում «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցեւը ռասիստական եւ վիրավորական արտահայտություններ է արել Ուդոհ Եթոպի հասցեին, ցույց է տվել վիրավորական ժեստեր, այդպիսով պրովոկացիայի ենթարկելով մեր ֆուտբոլիստին։ Միեւնույն ժամանակ, ամբողջ հանդիպման ընթացքում, խաղի կազմակերպման եւ կարգապահության մասին խոսող Անդրեյ Տալալաեւը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում տեխնիկական գոտուց, հայհոյանքներ ուղղում ոչ միայն խաղը սպասարկող մրցավարների, այլ ամբողջ մրցավարական կորպուսի հասցեին:

«Լոռի» ՖԱ-ն հորդորում է Անդրեյ Տալալաեւին այսուհետ հետեւել սեփական անձնակազմի աշխատակիցների վարքին, պահվածքին հանդիպման ժամանակ եւ դրա ավարտից հետո, հետեւել նաեւ սեփական վարքին տեխնիկական գոտում՝ ուրիշներին մատնանշելու եւ անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու փոխարեն։