Պատմություն

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1936 թվականին, մասնակցել Սովետական Հայաստանի եւ անկախ Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին: 2006 թվականին ակումբը դադարեցրել է գործունեությունը: Վերադարձին Լոռու մարզը սպասեց 11 տարի:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո «Լոռին» 1993 թվականին հանդես եկավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Իր խմբում առաջին տեղը զբաղեցնելով՝ վանաձորյան թիմը նվաճեց Բարձրագույն խմբի ուղեգիր: 2002 թվականին «Լոռին» վերջին անգամ հանդես եկավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

«Լոռիի» վերադարձը պաշտոնապես հայտարարվեց 2017 թվականի մարտի 2-ին՝ վանաձորցի գործարար Թովմաս Գրիգորյանի կողմից: Ակումբը մասնակցեց Հայաստանի Առաջին խմբի 2017-18 թթ. մրցաշրջանին՝ հռչակվելով չեմպիոն եւ նվաճելով Բարձրագույն խմբի ուղեգիր:

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ներկայում Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ՖԱ-ն չի համարվում 1936 թվականին հիմնադրված «Լոռիի» իրավահաջորդը եւ որեւէ կապ չունի այդ ակումբի հետ: Փաստերը ներկայացված են՝ որպես պատմական ակնարկ:

Ժամանակագրություն

Հիմնադրվեց Լոռի ՖԱ։

«Լոռի» ՖԱ-ն հիմնադրվել է 2017 թվականի մարտի 2-ին՝ որպես Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի առաջին թիմ: Նախագահ՝ Ռոբերտ Թովմասի Գրիգորյան:

Առաջին ընկերական հանդիպումը Փյունիկ-2 հետ


«Լոռի» ՖԱ-ն առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց 2017 թվականի հուլիսի 30-ին՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալելով «Փյունիկ-2»-ին: Առաջին, ոչ պաշտոնական գոլը խփեց  Էրիկ Ղարիբյանը, ով դարձավ դուբլի հեղինակ: Երկու գոլ խփեց նաեւ Տինգա Կոֆի Տեին, մեկ անգամ աչքի ընկավ Մայքլ Ակպալան:

Առաջին պաշտոնական հանդիպումը


Օգոստոսի 14-ին «Լոռին» սեփական հարկի տակ հանդիպեց «Փյունիկ-2»-ին՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում նշելով նորամուտը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ վանաձորյան թիմի: Գոլերը խփեցին Վիգեն Ավետիսյանը եւ Դավիթ Ասլանյանը:

Աշնանային մրցաշրջանի ավարտը առաջին հորիզոնականով


Դեկտեմբերի 4-ին աշնանային շրջանի վերջին խաղը նույնպես «Լոռին» անցկացրեց սեփական դաշտում: «Արարատ-2»-ի դեմ խաղում Վիգեն Ավետիսյանի խփած միակ գոլն օգնեց թիմին ավարտել մրցաշրջանի առաջին հատվածն առաջին տեղում, քանի որ մոտակա մրցակից «Արցախը» զուգահեռ ընթացող խաղում պարտություն էր կրել:

Մենք չեմպիոն ենք!!!


2018 թվականի մայիսին «Լոռին» Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն հռչակվեց մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ, կրկին սեփական դաշտում՝ 1:0 հաշվով հաղթելով «Ալաշկերտ-2»-ին: Միակ գոլը խփեց Ուգոչուկվու Իվուն:

Մրցաշրջանի վերջին խաղը նույնպես կայացավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ Արմեն Ադամյանի թիմը հաղթեց 5:1 հաշվով: Գոլերը խփեցին Դավիթ Ասլանյանը, Իսահ Ալիյուն, Դավիթ Փարեմուզյանը, Արեգ Ազատյանը եւ Արամ Ադամյանը:

Առաջին հանդիպումը Բարձրագույն Առաջնությունում


«Լոռին» նորամուտը նշեց Բարձրագույն խմբի առաջնությունում: Օգոստոսի 4-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում թիմը ցավալի պարտություն կրեց «Արարատ-Արմենիայից»՝ 0:2 հաշվով: